Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության են դրվել ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները, որտեղ անդրադարձ կա նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին։
Զեկույցներում ընդգծվում են երկկողմ համագործակցության դրական զարգացումները։ Փաստաթղթերում ողջունվում է նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին տրամադրված օժանդակությունը և ընդգծվում է ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը, հայտնում է Արմենպրեսը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները աջակցություն են հայտնում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում աշխատանքները սառեցնելու որոշմանը և ընդգծում են Բաքվում պահվող 23 հայ ռազմագերիների ու պատանդների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։
«ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները կարևորություն են տալիս նաև արցախահայության վերադարձին իրենց տներ»,–ասվում է զեկույցում։
Զեկույցներում նաև նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը պետք է համապատասխանեցվի Ալմաթիի հռչակագրին։ Միևնույն ժամանակ, ԵԽ պատգամավորները կոչ են անում դադարեցնել Ադրբեջանի հետ ԵՄ-ի էներգետիկ համագործակցության հուշագիրը և ԵՄ անդամ երկրներին հորդորում են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային ու ֆինանսական աջակցությունը։
Փաստաթղթերում նաև ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է դառնա ավելի ինքնուրույն և համախմբված ուժ՝ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին։ ԵԽ պատգամավորները շեշտում են, որ «պատերազմները, էներգետիկ ու հումանիտար ճգնաժամերը պահանջում են ավելի համարձակ և հետևողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա։»
Զեկույցները նշում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունները շարունակում են մնալ բարդ, չնայած լարվածության որոշակի նվազմանը։ ԵԽ-ն քննադատել է Անկարայի աջակցությունը ՀԱՄԱՍ-ին և ԵՄ-ին կոչ արել ավելի համընթաց արտաքին քաղաքականություն վարել։
Տարեկան զեկույցները քվեարկության կդրվեն Եվրախորհրդարանի առաջիկա լիագումար նիստերից մեկում։