30 հունվարի 2025 - 17:25 AMT
Կոստանյան․ Տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը թյուրըմբռնումների առիթ է դարձել

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչների առկայության վերաբերյալ հանրային արձագանքներին՝ ներկայացնելով նրանց դերն ու գործառույթները։

Նա նշել է, որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։

Սոցցանցերում քննարկումների համաձայն հանրության մի հատվածի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ հսկիչները ստուգելու են քաղաքացիների մոտ տոմսերի առկայությունը։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

Երթուղիների հաճախականության վերահսկում,

Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,

Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,

Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,

Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»,–ասվում է գրառման մեջ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Երևանում գործելու է նոր ուղևորատոմս, որի արժեքը կկազմի 150 դրամ մեկ ուղևորության համար։ Այն գործելու է 2025 թվականին։ Նա հավելել է, որ հաջորդ տարիներին գինը կարող է բարձրանալ առավելագույնը 10 դրամով՝ յուրաքանչյուր տարվա համար։

100–ից ավելի մշակութային գործիչներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով բոյկոտել Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Սամվել Հարոյանըֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մշակույթի ոլորտի հայտնի գործիչների հայտարարությունը և նրանց ցուցակը, որոնց թվում են Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Արամոն և այլոք։