31 հունվարի 2025 - 17:12 AMT
Ռուբիո․ Անազնիվ էր պնդել, թե Ուկրաինան կարող է ամբողջությամբ հաղթել Ռուսաստանին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում, սակայն նշել, որ «անազնիվ» էր պնդել, թե Կիևը կարող է լիակատար հաղթանակ տանել մարտի դաշտում ՌԴ նկատմամբ և վերականգնել 2014-ից առաջ եղած իրավիճակը։ Այդ մասին ասվում է նրա հունվարի 30-ի հայտարարության մեջ։

Թեև Ռուբիոն ընդունել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հանցագործություններ» և «սարսափելի բաներ» է կատարել Ուկրաինա ներխուժման ընթացքում, նա կասկածելի է համարել Ուկրաինայի լիակատար ռազմական հաղթանակի հեռանկարը, գրում է The Kyiv independent-ը։

«Անազնիվ էր ինչ-որ կերպ մարդկանց հավատացնել, թե Ուկրաինան կկարողանա ոչ միայն հաղթել Ռուսաստանին, այլև ոչնչացնել (Պուտինին), դրդել նրան հետ վերադառնալ այն իրավիճակին, որը կար 2012 կամ 2014 թվականներին, նախքան ռուսները կգրավեին Ղրիմը»,- ասել է Ռուբիոն Megyn Kelly Show-ի ընթացքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Բայդենի վարչակազմի կողմից Ուկրաինային տրամադրված հսկայական աջակցությունը և խոստացել է բանակցել պատերազմի ավարտին արագ հասնելու համար։

Նույն կարծիքին է նաև Թրամփի պետքարտուղարը, որը նշել է, որ Վաշինգտոնը «ֆինանսավորել է մի պատերազմ, որն Ուկրաինային 100 տարով հետ է գցել» և կոչ է արել շուտափույթ կարգավորման։

«Էներգետիկ ցանցը ոչնչացվում է։ Ինչ-որ մեկը պետք է վճարի վերականգնման համար։ Եվ քանի ուկրաինացի է լքել Ուկրաինան (և) այժմ ապրում է այլ երկրներում։ Նրանք գուցե երբեք չվերադառնան: Երկրի ապագան այս առումով մնում է անորոշ»,- նշել է Ռուբիոն։

Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, որ «հակամարտության երկու կողմերն էլ ստիպված կլինեն փոխզիջումների գնալ»՝ հաջող բանակցությունների համար։

Հունվարին Ռուբիոն կասեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրեթե ամբողջ օտարերկրյա օգնությունը, ինչը լուրջ մարտահրավեր է դարձել Ուկրաինայում ամերիկյան աջակցությամբ գործող բազմաթիվ քաղաքացիական ծրագրերի համար, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Կիևը և Պենտագոնը պարզաբանել են, որ այս որոշումը չի ազդել ԱՄՆ-ի ռազմական օգնության վրա։

Լայնածավալ պատերազմի ընթացքում Ռուսաստանն անընդհատ թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը՝ հրթիռային և անօդաչու հարձակումներով, ինչը հանգեցրել է էլեկտրականության պակասի։ Պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 6 միլիոն ուկրաինացի լքել է երկիրը։

Photo. Getty Images