Թուրքիայի հայ համայնքը կանգնած է իր ինքնության և մշակութային ժառանգության պահպանման լուրջ մարտահրավերների առջև:Ստամբուլում բնակվող մոտ 50,000 հայերի կրթության իրավունքը, չնայած միջազգային պայմանագրերով երաշխավորված լինելուն, գործնականում բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում, գրում է Region Monitor–ը։
Ստամբուլում գործում է 16 հայկական դպրոց: Սակայն պատմական զարգացումները և վերջին տասնամյակների քաղաքական միտումները հանգեցրել են այս դպրոցների դերի և ազդեցության նվազման:
Հայկական դպրոցները չեն ստանում պետական ֆինանսավորում, ինչի հետևանքով նրանք գործում են բացառապես համայնքային հիմնադրամների և մասնավոր նվիրատվությունների շնորհիվ։
«Հրանտ Դինք» հիմնադրամի վերջին զեկույցի համաձայն՝ 2021-2022 ուստարում հայկական դպրոցներում սովորում էր 3 016 աշակերտ, իսկ 2022-2023 ուստարում՝ 2 865 աշակերտ, ինչը ցույց է տալիս տարեկան 5% անկում: Աշակերտների թվի նվազումը կապված է նաև հայ երեխաների ընտրությամբ թուրքական դպրոցներ հաճախելու հետ, քանի որ վերջիններիս ուսուցումը նպաստում է համալսարան ընդունվելուն։ Բացի այդ, Թուրքիայի որոշ համալսարաններում հայոց լեզվի բաժինները դասավանդում են արևելահայերենով, մինչդեռ համայնքի լեզուն արևմտահայերենն է։
Հայկական դպրոցները գործում են յուրահատուկ կարգավիճակով։ Դրանք ձևականորեն համարվում են մասնավոր հաստատություններ, սակայն գործնականում ենթարկվում են պետական խիստ վերահսկողության: Դպրոցները պարտադրված են ընդունել պետության կողմից նշանակված վարչական ու մանկավարժական անձնակազմ: Մասնավորապես՝ դպրոցներում հայկական տնօրինությունից բացի, նշանակվում են թուրք փոխտնօրեններ և ուսուցիչներ՝ թուրքական պատմություն, գրականություն, աշխարհագրություն և թուրքերեն դասավանդելու համար։ Այդ անձինք ունեն դպրոցի վրա վերահսկողություն սահմանելու և ճնշումներ կիրառելու գործառույթ։
Թուրքիայի հայ համայնքը ներկայումս կազմում է երկրի երեք պաշտոնապես ճանաչված փոքրամասնություններից մեկը։