1 փետրվարի 2025 - 11:17 AMT
Թրամփը կրկին ցանկանություն է հայտնել Պուտինի հետ խոսել Ուկրաինայում պատերազմն ավարտելու մասին

Հունվարի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են խոսել և կարևոր բան հայտարարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

«Մենք կխոսենք, և ես կարծում եմ, որ գուցե ինչ-որ նշանակալի բան կանենք։ Մենք ցանկանում ենք ավարտել այդ պատերազմը», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին, հայտնում է RFE/RL–ն։

Նա նշել է, որ իր վարչակազմը արդեն ներգրավված է «շատ լուրջ քննարկումներում այդ պատերազմի վերաբերյալ»՝ փորձելով այն ավարտել։

«Դա պարզապես անիմաստ իրավիճակ է, և այն պետք է դադարեցվի»,–ասել է նա։

Թրամփը չի նշել, թե իր վարչակազմի որ պաշտոնյաներն են շփվել ռուս գործընկերների հետ, սակայն ընդգծել է, որ երկու կողմերն էլ «արդեն խոսում են»։ Նա հրաժարվել է հաստատել իր անձնական մասնակցությունը այդ քննարկումներին։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտնել էր, որ ցանկանում է շուտափույթ հանդիպել Պուտինի հետ՝ բանակցելու Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ավարտի շուրջ։ Ըստ իր ըմբռնման, Պուտինն էլ է հետաքրքրված նման հանդիպմամբ։

Պաշտոնաթող լեյտենանտ գեներալ Քիթ Քելլոգը, որը նշանակվել է պատերազմի ավարտի բանակցությունների ղեկավար, հունվարի 7-ին մամուլի ասուլիսում նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թրամփի և Պուտինի բանակցությունների համար։

Նա ասել է, որ պայմանները կսահմանվեն, և «նա ի վերջո կհասնի այն դիրքին, որտեղ կխոսի Պուտինի» և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Վերջերս ռուսական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Պուտինը Թրամփին նկարագրել է որպես «խելացի և պրագմատիկ մարդ», որը կենտրոնացած է ԱՄՆ-ի շահերի վրա:

«Մենք միշտ ունեցել ենք գործնական, պրագմատիկ, բայց նաև վստահելի հարաբերություններ ներկայիս ԱՄՆ նախագահի հետ», – ասել է Պուտինը:

Հունվարի 29-ին Պուտինը բացառել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ուղիղ խաղաղ բանակցությունների հնարավորությունը՝ հայտարարելով, որ նա չի ճանաչում Զելենսկուն որպես Ուկրաինայի օրինական առաջնորդ:

Ընտրարշավի ընթացքում Թրամփը պնդում էր, որ կարող է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը պաշտոնը ստանձնելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Այժմ նա նպատակ ունի ավարտել մարտերը վեց ամսվա ընթացքում։ Նա նաև կրկնել է իր նախընտրական պնդումը, որ եթե ինքը լիներ նախագահ, Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա՝ կրկին ընդգծելով այս պնդումը հունվարի 31-ի իր հայտարարություններում:

Թրամփը կտրուկ քննադատել է այն ֆինանսական և ռազմական աջակցությունը, որը Վաշինգտոնը տրամադրել է Կիևին՝ պնդելով, որ Ուկրաինան պետք է զիջումներ աներ Պուտինին՝ մինչև Ռուսաստանի ներխուժումը գրեթե երեք տարի առաջ: