ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ տարեկան նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է, որ պետական ռեսուրսների արդար բաշխումը թույլ կտա արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները։
Նա նշել է, որ համակարգային խոչընդոտները շարունակում են խաթարել կանանց լիարժեք ներգրավվածությունը։
«Տասնամյակների ընթացքում կանայք հսկայական առաջընթաց են գրանցել տնտեսության մեջ: Այսօր նրանք գլխավորում են կորպորացիաներ, ձևավորում նորարարական ոլորտներ և ստեղծում փոփոխություն բերող ձեռնարկություններ: Սակայն չպետք է անտեսենք առկա մարտահրավերները: Համակարգային խոչընդոտները շարունակում են խաթարել կանանց լիարժեք ներգրավվածությունը: Շատերը մինչ օրս բախվում են խտրականության աշխատանքի ընդունվելու գործընթացում, կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումներ կայացնող պաշտոններում և չունեն հավասար հնարավորություններ այնպիսի զարգացող ոլորտներում, ինչպիսին է STEM-ը:
Թեև ակնհայտ է, որ կանանց հզորացումը խթանում է տնտեսական աճը, շատ երկրներ դեռևս պայքարում են աշխատավարձերի անհավասարության և կին ձեռներեցների համար ֆինանսական ռեսուրսների սահմանափակ հասանելիության դեմ: «Ապակե առաստաղը» գուցե ճաքեր է ստացել, բայց դեռևս կոտրված չէ: Այսօրվա քննարկվող զեկույցը լուծում է առաջարկում գենդերազգայուն բյուջետավորում: Սա ոչ թե վերացական գաղափար է, այլ իրական փոփոխությունների գործիք:
Պետական ռեսուրսների արդար բաշխման միջոցով մենք կարող ենք արմատախիլ անել գենդերային անհավասարության հիմնական պատճառները: Մտածենք ինչպե՞ս կարող են կանայք հաջողություններ գրանցել իրենց մասնագիտական կյանքում, եթե պետական բյուջեներում հաշվի չի առնվում հասանելի մանկապարտեզների, մայրության արձակուրդի և հմտությունների զարգացման նպատակային ծրագրերի կարևորությունը: Գենդերային զգայուն բյուջետավորումը ցույց է տալիս, որ ֆինանսական որոշումներն իրականում բարոյական ընտրություններ են, որոնք պետք է նպաստեն ոչ միայն առանձին անհատների բարեկեցությանը, այլև ամբողջ հասարակության զարգացմանը:
Ձեռնարկատիրությունը ևս առանցքային տեղ ունի այս քննարկման մեջ: Կին ձեռներեցները ոչ միայն աշխատատեղեր են ստեղծում, այլև վերաիմաստավորում են ոլորտները և խթանում նորարարությունը: Այնուամենայնիվ, այսօրվա դրությամբ վենչուրային կապիտալի միայն 2 տոկոսն է ուղղվում կանանց ղեկավարած ստարտափներին: Սա պարզապես անհավասարություն չէ, այլ բաց թողնված հնարավորություն, որը խոչընդոտում է ընդհանուր առաջընթացին:
Զեկույցը կարևոր ճշմարտություն է արձանագրում. տնտեսությունում գենդերային հավասարության ապահովումը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև տնտեսական անհրաժեշտություն: Եկե’ք խթանենք այնպիսի քաղաքականություններ, որոնք արտացոլում են կանանց իրականությունը: Եվ եկե’ք ապահովենք, որ այսօրվա յուրաքանչյուր նորածին աղջիկ մեծանա մի աշխարհում, որտեղ նրա ներուժը գնահատվում է ոչ թե ըստ սեռի, այլ` ըստ երազանքների»,- ասել է պատգամավորը։