1 փետրվարի 2025 - 12:09 AMT
ԱՄՆ-ում Փարաջանովին նվիրված մշակութային երեկո է անցկացրել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, համագործակցելով Things to do DC կազմակերպության հետ, նախաձեռնել է հերթական մշակութային միջոցառումը՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որի անունը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում։

Երեկոյի բացմանը ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը խոսել է հայկական մշակութային հարուստ ժառանգության, հանրաճանաչ հայ արվեստագետների և մասնավորապես՝ Սերգեյ Փարաջանովի արվեստի նշանակության մասին, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալվարդ Սեմիրջյանը, «Նռան գույնը» ֆիլմից հատվածների ցուցադրության միջոցով, ներկայացրել է Փարաջանովի արվեստն ու նրա ստեղծագործական աշխարհը։

Միջոցառման ավարտին դաշնակահարուհի Նաիրա Բաբայանը հանդես է եկել Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատուրյանի հայտնի ստեղծագործությունների կատարմամբ։