1 փետրվարի 2025 - 13:21 AMT
Արամ Սարգսյան․ Բազմիցս առաջարկել եմ լիցենզիա տալ ամերիկյան, ֆրանսիական ընկերության՝ «Գեոպրոմայնինգը» չի դիմանա մրցակցությանը, կգնա

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետին ներկայացրել են 40 էջանոց ծրագիր, որտեղ անդրադարձ է կատարվել 10 երկրի լեռնամետալուրգիական համակարգերի փորձին՝ հարկման մեխանիզմները ճկուն դարձնելու և միջազգային շուկայում մրցունակության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Նա այդ մասին խոսել է «Դիլեմա» հաղորդաշարի եթերում։

«Ես բազմիցս առաջարկել եմ ՀՀ իշխանությանը լիցենզիա տալ ամերիկյան, ֆրանսիական ընկերության. այդ մրցակցությանը «Գեոպրոմայնինգը» չի դիմանա, ստիպված կվաճառի, կգնա»,- հավելել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ձևը մրցակցությունն է, իսկ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլիա է։

Սարգսյանը նշել է․ «Քաջարանը «Գեոպրոմայնինգինն» է, Կապանը, Ագարակը՝ նույնպես, Թեղուտը՝ ՎՏԲ բանկինն է։ «Գեոպրոմայնինգը» ռուսական ընկերություն է, որը պատժամիջոցների տակ է, և այստեղ լուրջ խնդիր կա։ Քաջարանի բոլոր ժամանակների սեփականատերերը գերշահույթ են ստացել, սարսափելի կոռուպցիա կա՝ ինչպես ռուսական ցանկացած ընկերությունում։

Քաջարանը կարող է տարեկան մեկ միլիոն տոննա խտանյութ արտադրել, բայց ռուսական ընկերությունը շահագործում է հանքավայրի հնարավորությունների հինգ տոկոսը։ Գետի հունը պետք է տեղափոխվի, գերեզմանները պետք է պետությունը տեղափոխի, որ ամբողջական հանքավայրը շահագործվի, մինչդեռ ռուսական ընկերությունները ձախ ափը վերցնելու լիցենզիա չեն պահանջում, որովհետև եթե լիցենզիա պահանջեն, պետք է հանքարդյունահանման գծագիր պատվիրեն, եթե պատվիրեցին, պետք է ներդրումներ անեն»։

Նա ընդգծել է, որ ռուսական ընկերությունը ոչ միայն ամբողջությամբ չի օգտագործում հանքավայրի հնարավորությունները, այլ նաև այն շահագործում է կոռուպցիոն մեխանիզմներով՝ շրջանցելով բնապահպանական բոլոր նորմերը և արգելելով այլ ընկերություններին մուտք գործել ոլորտ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ավելի քան 700 աշխատակից հունվարի 31–ի առավոտից գործադուլ է հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: