1 փետրվարի 2025 - 15:08 AMT
Փետրվարի 5-ից ՌԴ–ում ուժի մեջ կմտնի ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը

Փետրվարի սկզբից Ռուսաստանում ուժի մեջ կմտնեն մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են միգրացիային։ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է միգրացիոն քաղաքականության բարելավմանն ուղղված երկու փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն փետրվարի 5-ին։

Առաջին փոփոխությունն առնչվում է երկրում ապօրինի բնակվող միգրանտների արտաքսման մեխանիզմի ներդրմանը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Երկրորդը նախատեսում է վարչական պատասխանատվություն սահմանել Ռուսաստանի մուտքի և ելքի կանոնների խախտման համար, ինչպես նաև արգելված ծառայություններ մատուցելու համար այն միգրանտներին, ովքեր ներառված են վերահսկվող անձանց ցուցակում։

Բացի այդ, Վոլոդինը նշել է, որ փետրվարի 5-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնեն ևս երեք օրենքներ։ Դրանք վերաբերում են դժվար կացության մեջ հայտնված երեխաների խնամակալությանը, ստեղծագործական արդյունաբերության զարգացմանը և այդ հասկացության իրավական ամրագրմանը, ինչպես նաև բռնագրավված գույքի՝ Ռուսաստանի դաշնային սուբյեկտների սեփականություն դարձնելուն։

Բացի այդ, Պետդումայի նախագահը հայտնել է, որ մայրության կապիտալը կվերանայվի՝ 9.5%-ով ավելանալու արդյունքում դրա առավելագույն չափը կկազմի 912 հազար ռուբլի։

Photo. TASS