3 փետրվարի 2025 - 16:42 AMT
ԱԺ–ում մտադիր են ՀՀ-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ ստեղծել

Ազգային ժողովում մտադիր են Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ ձևավորել։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել և նման առաջարկով կդիմի ԱԺ խորհրդին։

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին: Նպատակն է խորացնել երկու պետությունների միջև դիվանագիտական ու միջխորհրդարանական կապերը։

Նշվել է նաև, որ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձևավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ:

2024–ին Հայաստանը և Սաուդյան Արաբիան փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ։