3 փետրվարի 2025 - 17:18 AMT
Թևանյան. Եթե Ավագանին մերժի մեր առաջարկը, տրանսպորտի թանկացման հարցը կդրվի հանրաքվեի

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, խոսելով քաղաքային տրանսպորտի գնի բարձրացման դեմ իրենց նախաձեռնության մասին, ասել է, որ եթե քաղաքային իշխանությունը ավագանու նիստում մերժի տրանսպորտի թանկացման դեմ իրենց նախագիծը, որի տակ կա 17,000 ստորագրություն, ապա հարցը կդրվի հանրաքվեի։

Նա նշել է, որ գործող իշխանությունն ունի 8-10 տոկոս աջակցություն մայրաքաղաքում, մինչդեռ քաղաքացիների մեծամասնությունը բոյկոտում է թանկացումը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Եթե քաղաքացիները համախմբվեն և որոշեն չվճարել, ապա մենք կկարողանանք հասնել մեր նպատակին»,- ասել է նա՝ շեշտելով, որ բազմիցս օգտվելով հասարակական տրանսպորտից, իրենք արձանագրել են, որ շատերը չեն վճարում։

Թևանյանը նշել է, որ իրենց պահանջը լեգիտիմ է, քանի որ առկա է 17,000 քաղաքացիների ստորագրություն այն նախագծի տակ, որ ենթադրում է, որ քաղաքային տրանսպորտի գինը չպետք է գերազանցի 100 դրամը, իսկ փաթեթի դեպքում կարող է լինել ավելի մատչելի։

«Քանի դեռ այս հարցը չի մտել ավագանու օրակարգ՝ բոյկոտելը և չվճարելը լեգիտիմ է։ Եթե քաղաքային իշխանությունը ավագանու նիստում մերժի այն նախագիծը, շարունակելու ենք գնալ հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը ենթադրում է Երևանի ընտրողների 10 տոկոսի ստորագրություն հավաքելը, որից հետո հարցը կդրվի հանրաքվեի։ Այսինքն, երևանցիներն են որոշելու՝ համաձա՞յն են այն թանկացմանը, որը շարունակական է լինելու, ըստ իշխանությունների ներկայացրած տեղեկատվության, թե ոչ։ Եթե համակերպվում են, ապա այստեղ ոչ մեկ ոչինչ չի կարող անել»,–ասել է նա։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։