Պետական վերահսկողական ծառայությունն արդեն լիազորություններ ունի ստուգումներ իրականացնելու ՀՀ վարչապետի աշխատակազմում։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։
«Նոր նախագծով արդեն վերապահված է այդ լիազորությունը։ Վարչապետի աշխատակազմն այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար վերահսկողության օբյեկտ»,- ընդգծել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Հարցին՝ արդյոք վերջինս քաղաքական կամք ունի՞ բացահայտելու այդտեղի չարաշահումները, ՊՎԾ ղեկավարը պատասխանել է, որ կամքի պակաս չունի։
«Վարչապետը ինձ տվել է լիարժեք կանաչ լույս՝ ցանկացած պետական կառավարման համակարգում ցանկացած մտահոգության հետևից գնալու, վեր հանելու, տեղեկանքներ կազմելու, զեկուցելու և ընդհուպ մինչև քրեաիրավական գնահատականի ուղարկելու մասով։ Որևէ կաշկանդում, պաշտոնապես եմ ասում, ես չունեմ», ասել է նա։
Ֆինանսների նախարարության կողմից պետբյուջեի կատարման հսկողության գործառույթը կվերապահվի ՊՎԾ-ին՝ նախագիծ է մշակվել։
Պետրոսյանը, ներկայացնելով նախագիծն ԱԺ–ում, ասել էր, որ նախաձեռնության մշակումը պայմանավորված է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի գործունեության շուրջ վեց տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք գործնական խնդիրների վերացմամբ, վերահսկողական գործիքակազմերի հստակեցմամբ և ծառայության զարգացման ներկա փուլում արդի մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` սահմանվել են վերահսկվող օբյեկտների կոնկրետ շրջանակները: Մասնավորապես, ի թիվս այլոց, որպես վերահսկվող օբյեկտ են նախատեսվել վարչապետի և մարզպետների աշխատակազմերը:
Նախաձեռնությամբ կանոնակարգվում են որոշակի գաղտնիք համարվող տվյալների ստացման ընթացակարգերը: Առաջարկվող նոր իրավակարգավորումներով կստեղծվեն ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ` դրանով նպաստելով կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: