3 փետրվարի 2025 - 19:08 AMT
Վաշինգտոնում USAID-ի կենտրոնակայանի աշխատակիցներին ասել են` չներկայանան աշխատանքի

Վաշինգտոնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանի աշխատակիցներին ասվել է, որ փետրվարի 3–ին չներկայանան աշխատանքի։

Փետրվարի լույս 3–ի գիշերն ավելի քան 600 աշխատակցի համար արգելափակվել է հասանելիությունը գործակալության համակարգչային համակարգերին։ Այն աշխատակիցները, ովքեր դեռ մուտք ունեին համակարգին, ստացել են էլեկտրոնային նամակներ, որոնցում նշված էր, որ «գործակալության ղեկավարության ցուցումով» կենտրոնակայանի շենքը «փակ կլինի գործակալության անձնակազմի համար երկուշաբթի, փետրվարի 3-ին», հայտնում է CNN-ը։

Դա տեղի է ունեցել միլիարդատեր Իլոն Մասկի այն հայտարարությունից հետո, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է փակել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ)։

«Նա համաձայնել է, որ մենք պետք է այն փակենք։ Պարզ դարձավ, որ սա ոչ թե որդնած խնձոր է, այլ պարզապես որդերի գունդ։ Այն հնարավոր չէ վերագործարկել։ Մենք այն փակում ենք»,–ասել է Մասկը։

Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը, Թրամփը և որոշ հանրապետական օրենսդիրներ ավելի ու ավելի են քննադատում ԱՄՆ ՄԶԳ-ին, որը ղեկավարում է հումանիտար, զարգացման և անվտանգության ծրագրեր մոտ 120 երկրներում։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն տնօրինում են «ցնորված արմատականներ»։