4 փետրվարի 2025 - 16:31 AMT
ԿԲ նախագահ․ Տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0․1%

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%:

Նրա խոսքով՝ Հայաստանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր զամբյուղում ներքաղաքային տրանսպորտի տեսակարար կշիռը գնահատվում է 0․4%՝ ըստ Հանրապետության վիճակագրական կոմիտեի մեթոդաբանության։ Մասնավորապես, միայն Երևանի տրանսպորտին վերաբերող ցուցանիշը 0․23% է, իսկ մնացած մասը մարզերին է վերաբերում, գրում է Sputnik Արմենիան։

Գալստյանը պարզաբանել է, որ նշված 0․1% գնաճը հնարավոր առավելագույն սահմանն է։ Դրա հաշվարկը հիմնված է այն ենթադրության վրա, որ բոլոր ուղևորների համար ուղեվարձը կհասնի 150 դրամի, այսինքն՝ կբարձրանա մեկուկես անգամ, սակայն, ուղևորների մի մասի համար գործում են արտոնյալ սակագներ։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: