Ստեփանակերտում 2023թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալներ չկան։ Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ քրեական հետապնդում սկսվի Արցախի Պաշտպանության բանակի վերջին հրամանատար Կամո Վարդանյանի նկատմամբ, քանի որ զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանությունն իրականացրել է ՊԲ հատուկ ստորաբաժանումը, որը պետք է ապահովեր վառելիքի անվտանգ բաշխումը։
ՔԿ-ից, սակայն, կրկին շեշտել են, որ այս պահին գործով որևէ մեղադրյալ չկա։
Միաժամանակ, մամուլում տարածվել են լուրեր, որ Կամո Վարդանյանը վերջերս հասարակական հիմունքներով նշանակվել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։ ՊՆ-ից, սակայն, այս տեղեկությունը չեն հաստատել՝ վկայակոչելով 2024 թվականի օգոստոսի 2-ի հաղորդագրությունը, որով հերքվել էր Վարդանյանի՝ ՊՆ խորհրդական դառնալու մասին լուրը։
«Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները երեքն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը, պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը։ Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն»,- ընդգծել են ՊՆ-ից։
Այն, թե վերջին ամիսներին Վարդանյանի կարգավիճակը փոխվել է, ՀՀ քաղաքացիություն ստացել է կամ ոչ, կառույցը չի մանրամասնել՝ վերահաստատելով նախորդ հայտարարությունը։
Ստեփանակերտի վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և հայաթափման օրերին՝ Ստեփանակերտի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում 1 անհետ կորած, իսկ 120 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։