4 փետրվարի 2025 - 18:55 AMT
ԱՄՆ կոնգրեսում քննարկմանը բարձրացվել է նաև հայ գերիների հարցը

ԱՄՆ Կոնգրեսը հյուրընկալել է Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի շրջանակում մի շարք քննարկումներ, որոնց ընթացքում բանախոսները բարձրաձայնել են նաև Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների, ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Կոնգրեսական Քրիս Սմիթը, խոսելով հայկական հիմնախնդիրների մասին, քննադատության է ենթարկել ԱՄՆ նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայության հարցում, դատապարտել է Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ժխտման, իսկ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ես երկու անգամ հանդիպել եմ Ալիևի հետ՝ դեմ առ դեմ իր աշխատասենյակում, և բանավիճել նրա հետ՝ հայ ժողովրդի նկատմամբ նրա վարած քաղաքականության և մարդու իրավունքների հարցում որդեգրած մոտեցումների համար, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, որ մենք պետք է խորացնենք մեր բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի ժողովրդի հետ, և դա միանգամայն պարզ դարձնենք»,-ասել է կոնգրեսական Սմիթը:

Հայաստանին վերաբերող քննարկման ընթացքում բանախոսները բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, Ադրբեջանում պահվող հայ գերիների ու կալանավորվածների, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների մասին՝ կոչ անելով ամերիկյան գործող վարչակազմին միջոցներ ձեռնարկել այս հարցերի շուրջ:

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ Թրամփի վարչակազմի առաջին օրերին տեղի ունեցող այս գագաթնաժողովը հնարավորություն է փոխել նախորդ վարչակազմի որդեգրած քաղաքականությունը՝ այն դարձնելով ավելի պատասխանատու: Նա հույս ունի, որ գործող վարչակազմը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ, կկիրառի Բաքվին ռազմականն օգնությունն արգելող 907 բանաձևը, ջանքեր կգործադրի Ադրբեջանում պահվող հայ կալանավորված անձանց ազատ արձակելու և Լեռնային Ղարաբաղ հայ ազգաբնակչության արժանապատիվ վերադարձի ուղղությամբ:

Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից։ Գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում: