Արդեն հինգ օր շարունակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների միջև ընթացող քննարկումներն ավարտվել են առանց որևէ որոշման։ Այդ մասին ասել է հանդիպմանը ներկա, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը, հայտնում է «Ազատությունը»։
Գործադուլը դեռ չի դադարեցվել։
Կոմբինատի աշխատակիցները արդեն հինգ օր է՝ գործադուլ են անում՝ ղեկավարությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և բարելավել աշխատանքային պայմանները։
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հայտարարել է, որ գործադուլը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, մասնավորապես՝ դրա 74-րդ հոդվածին, ինչի հետևանքով խաթարվել է երկրի խոշորագույն հարկատուի բնականոն գործունեությունը։ Նշվել է, որ չարտոնված բողոքի պատճառով վնաս է կրում ԶՊՄԿ-ին առնչվող ամբողջ տնտեսական շղթան։
Կոմբինատի աշխատանքներն այս պահին դադարեցված են, քանի որ գործադուլի հետևանքով չեն գործում բաց հանքի, փականագործների վերանորոգման, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասերը։ Չի աշխատում նաև հարստացուցիչ ֆաբրիկան, որտեղ ստացվում է վերջնական արտադրանքը: