Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին։
«Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է, և գուցե ԱՄՆ նոր վարչակազմի կողմից հավելյալ, կամ՝ իրական ջանքերն արդյունավետ լինեն», - ասել է Հայաստանի վարչապետը։
Խոսելով այդ գործընթացում Միացյալ Նահանգների դերակատարությունից ՝ Փաշինյանը նշեց՝ հետևել են նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավին ու արձանագրել, որ խաղաղության օրակարգը կարևոր է նրա համար, հայտնում է «Ազատությունը»։
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը նոր էջ է փորձում բացել նաև հայերի հանդեպ միջազգային հանրության ընկալումներում։ Ըստ վարչապետի, միջազգային կոնսենսուս կա՝ եթե հայ ես, պետք է զոհվես, մինչդեռ իր կառավարությունը ուզում է փոխել դա, «հասկանալով, որ դա շատ դժվար, համարյա անհնարին առաքելություն է»։
«Հայերը որպես կանոն իրենք իրենց ներկայացնում են որպես զոհ, միջազգային համայնքը սովոր է հայերին ընկալել որպես տուժած ազգ, և երբեմն բավական շփոթեցնող է՝ որն է պատճառը, որը՝ հետևանքը։ Երբեմն թվում է, թե հայերի միջազգային գործառույթն է դարձել զոհ գնալը, հայերի համար անելու այլ բան չկա, և միջազգային կոնսենսուս կա այս հարցում։ Մենք փորձում ենք փոխել այդ ճակատագիրը մեր ժողովրդի համար», - ասել է Փաշինյանը։
Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: