5 փետրվարի 2025 - 16:40 AMT
Ադրբեջանցիները Ստեփանակերտում թալանում են հայերի տները

Ադրբեջանցիները թալանում են Ստեփանակերտի հայ բնակչության տները: Այս մասին ահազանգում է «Mountains of Karabakh» տելեգրամյան ալիքը, գրում է Region monitor-ը։

Նշվում է, որ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ թալանով զբաղվում են ուսանողները: Հավանաբար այդ ուսանողները սովորում են Արցախի պետական ​​համալսարանում, որը նույնպես վանդալիզմի զոհ է դարձել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը ձևափոխում է Արցախի պետական համալսարանի շենքը, որի ամբողջ երեսպատումը հեռացվել է. շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։