Վաշինգտոնյան այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել դասախոսությամբ Ջորջթաունի համալսարանում, որին մասնակցել են քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտներում մասնագիտացող ուսանողներ ու դասախոսներ։
Իր ելույթում նա անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման, իրականացվող բարեփոխումների ընթացքին, տարածաշրջանում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստանի շուրջ տեղի ունեցած գործընթացներին և առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց լուծման քայլերին: Վարչապետն ընդգծել է ժողովրդավարության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ այդ համատեքստում կարևորելով ինստիտուտների և նրանց կարողությունների զարգացումը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու շեշտել ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` միտված տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը պատասխանել է նաև ուսանողներին և դասախոսներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Կառավարությունը մշակել ե ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջե կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները ե էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության ե իրավազորության ներքո, որոնցով անցնում են։