6 փետրվարի 2025 - 17:04 AMT
Նախարար. ՀՀ-ում 300-400,000 դրամ վաստակող ավելի քան 1600 ուսուցիչ կա

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցչի տարակարգի տրամադրման կարգում:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ , միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Ըստ նախարարի՝ կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների մոտ 20 տոկոսն օգտվել է ծրագրից: Վերջիններս արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։

Նա նշել է, որ Հայաստանում 300-400,000 դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ կա, իսկ ավելի քան 560 ուսուցիչ 400,000 դրամ և ավելի վարձատրություն է ստանում։

Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունվեն միայն էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար։

«Էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու»,–ասել է նախարարը։

Կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը. հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը:

Առաջարկվող կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը:

«Կարևոր եմ համարում նաև, որ մենք հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90-100 տոկոսը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարը հավելել է նաև, որ հստակեցվել են դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: