Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն, հանցագործության մասին 3 հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին։ Այդ մասին ասվում է կոմբինատի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի ընկերության հետ, ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։
Փետրվարի 6-ին Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատակիցների մեծամասնությունը միշտ պատրաստ է եղել վերադառնալ աշխատանքի և վերականգնել արտադրական գործընթացի բնականոն ընթացքը։
«Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում։ Ընկերության վերագործարկմանը խոչընդոտող անձանց մի մասն առհասարակ կապ չունի Ընկերության հետ, Ընկերության աշխատակից չի համարվում և անգամ Քաջարան կամ Կապան համայնքներից չէ։
Ընկերությունը գտնում է, որ մի խումբ անձինք անօրինական միջոցների հաշվին չպետք է կարողանան շարունակաբար խաթարել ռազմավարական նշանակության կազմակերպության աշխատանքը՝ էական նյութական վնասներ հասցնելով միաժամանակ հազարավոր աշխատողներին, համայնքներին, ՀՀ–ին և ընկերությանը։ Ընկերությունը ձեռնարկելու է բոլոր օրինական միջոցները իր աշխատակիցների անվտանգության, ինչպես նաև արտադրական օբյեկտների և գույքի պաշտպանության համար»,–ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն, աշխատակիցների հետ քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր, և որոշվել է արտադրության վերականգնումից հետո ձևավորել հատուկ հանձնաժողով, որը յուրաքանչյուր արտադրամասի հետ աշխատանքային տրամաբանական մթնոլորտում կքննարկի առկա խնդիրները, մանրակրկիտ կլրամշակվի աշխատավարձային նոր ծրագիրը՝ ապահովելու համար վարձատրության արդար, թափանցիկ և առաջադեմ համակարգ։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների մի մասն արդեն մեկ շաբաթ է գործադուլ է անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում 120-150,000 դրամով և աշխատանքային պայմանների բարելավում։