6 փետրվարի 2025 - 18:29 AMT
Փոխվարչապետը՝ խոշոր ջերմատների ծրագրի մասին․ Չլինի մի իրավիճակ, որ օգտվելուվ սուբսիդիայից, մարդիկ դեպոզիտի վրա փողեր աշխատեն

2019-2024 թթ. ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում կառավարության նիստում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրով 2024-ին՝ 15․3 հեկտար։ Այդ մասին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով կառավարության աջակցության հերթական ծրագիրը: Նրա խոսքով՝ ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թվականի ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնումը:

Նախարարի խոսքով՝ տրամադրվող աջակցությունը կնպաստի մոտ 4-5 հեկտար տարածքով ջերմատների հիմնմանը, քանի որ տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ, իսկ ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություններ չի ընձեռում, հայտնում է Panorama.am-ը։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկի տրամադրում, որը, ըստ նախարարի, հնարավորություն կընձեռի խոշոր ջերմատնային տնտեսությունների ստեղծմանը։ Սա կնպաստի այն բանին, որ 1 շահառուն հնարավորություն ստանա հիմնել մինչև 20 հեկտար տարածքով ջերմատուն։

Ծրագրով կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանան ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Նախարարությունը ներկայումս արդեն նման հայտեր ստացել է, ինչի վերաբերյալ Պապոյանն հավելել է. «Տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ մասնաբաժինը կսուբսիդավորվի գործող 10 տոկոսային կետով, 3-9 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, 9-15 մլրդ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով»։

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը արձագանքել է. «Քանի, որ սուբսիդավորման գումարը շատ մեծ է, որը վարկառուի համար ստեղծում է մի իրավիճակ, որ ավելի ձեռնտու է ոչ թե վարկը մարել, այլ դեպոնացնել միջոցները, որովհետև սենց որ նայում եմ ինքը դեպոզիտի վրա դրանով ավելի շատ եկամուտ կստանա, քան վարկը մարելու ծախսը։ Որպեսզի հետագայում մի իրավիճակ չստեղծվի որ մենք սուբսիդավորենք դրամական միջոցների ազատ օգտագործումը, այլ խթան դնենք, որ մարդիկ իրենց եկամտի հաշվին առաջին հերթին սուբսիդավորված վարկը մարեն։ Չլինի մի իրավիճակ, որ օգտվելուվ սուբսիդիայից, մարդիկ դեպոզիտի վրա ուղղակի փողեր են աշխատում»։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականին 1167 հեկտար ջերմատնից և ջեմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2200 տոննա հատապտուղ, 190 հեկտարից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ։ Ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023-ին, իսկ 2024 թվականին 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023-ին, արդեն 2024-ին՝ 40 հազար տոննա բանջարեղեն։