7 փետրվարի 2025 - 10:21 AMT
Փաշինյանն ու IRI-ի նախագահը քննարկել են գործակցության ընթացքը

Վաշինգտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ, քննարկել ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը:

Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը։

Նա ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք: Վարչապետն ընդգծել է նաև ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կարևորությունը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի ընդլայնման համար՝ ներառելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կարողությունների բարձրացումը և ռեֆորմների արդյունավետ իրականացումը:

Դանիել Թվինինգը վերահաստատել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի Կառավարության բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական զարգացմանը:

Փաշինյանը տիկնոջ հետ գտնվում է Վաշինգտոնում։ Նա մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։