7 փետրվարի 2025 - 10:35 AMT
Ըստ Բաքվի՝ Հարությունյանն ու Բաբայանը «հերքել են» իրենց հանդեպ ճնշման կիրառումը

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու դատավարությունը, որի հերթական նիստը տեղի է ունեցել փետրվարի 6–ին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը «հերքել է» իր հանդեպ ճնշման և հոգեմետ միջոցների կիրառման պնդումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հոգեմետ նյութեր են տալիս: Նա հավելել է, որ այդ մասին կան հետախուզական տվյալներ և որ նպատակն էսկալացիա հրահրելն է։

«Մեկուսարանում մենք հնարավորություն ունեինք ստանալու տեղեկություններ և արտահայտելու մեր բողոքը։ Կալանավորման պայմանները մշտապես քննարկվում են հայկական մամուլում։ Ինչքան ինձ հայտնի է, Հայաստանի վարչապետը կարծիք է հայտնել հոգեբանական ճնշման և հոգեմետ նյութերի օգտագործման մասին»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։

Նա հավելել է, որ լավ ծանոթ է կալանավորման պայմանների մասին օրենքին, որի «բոլոր դրույթները պահպանվում են»։

«Մեզ պարբերաբար այցելում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, մենք հնարավորություն ունենք հեռախոսային կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ։ Մեր նկատմամբ վերաբերմունքը համապատասխանում է օրենքին»,–ասել է Հարությունյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների։

Նշվում է, որ Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը ևս հայտարարել է, որ գոհ է պահման պայմաններից և որ «իր և մյուսների հանդեպ ճնշում չի գործադրվել»։

«Իմ անունից ուզում եմ ասել, որ այստեղ մեր նկատմամբ ոչ մի ճնշում չի եղել։ Մեր հանդեպ վերաբերմունքը հարգալից է։ Թող նրանք, ովքեր կարող էին լինել մեր տեղում, հարցնեն իրենց, թե ինչպես կվարվեին։ Մենք չենք վախենում ասել ճշմարտությունը։ Ճշմարտությունը սահմաններ չունի։ Այստեղ մեզ համար շատ լավ պայմաններ են ստեղծված»,–ասել է նա, գրում է Minval.az-ը։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։