7 փետրվարի 2025 - 11:15 AMT
ՊԵԿ-ը ներկայացրել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն մանրամասնել է, թե Հայաստանում որ ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն Եվրասիական տնտեսական միության շուկա արտահանելու համար:

Դրոշմավորումը ներդրվում է փուլերով։

2025 թվականի մարտի 1-ից դրոշմավորվելու են գազավորված և ոչ ալկոհոլային ըմպելիքները, մակարոնեղենը, թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, պահածոյացված մթերքը, գարեջուրը և գարեջրային խմիչքները։

2025 թվականի հունիսի 1-ից դրոշմավորվելու են կաթնամթերքը, մսամթերքը, երշիկեղենը և կենդանիների կերը։

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը և չորարները։

2026 թվականի հունվարի 1-ից՝ դեղերը, վիտամինները, օծանելիքը, կոսմետիկան, հիգիենայի և խնամքի միջոցները։

Միաժամանակ, արտադրող ու ներմուծող ընկերությունները կամավոր կարող են նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացն սկսել ավելի արագ` մինչև սահմանված ժամկետները:

Հայաստանում 2023 թվականից նույնականացման միջոցներով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը՝ մարտի 15-ից, ալկոհոլային ապրանքները՝ հոկտեմբերի 15-ից, փաթեթավորված խմելու ջուրը՝ 2024 թվականի մայիսի 1-ից: