7 փետրվարի 2025 - 12:55 AMT
Աբրահամյան․ Բաքուն 23 հայ գերիների դատավարությամբ նոր օպերացիա է ծրագրում ՀՀ դեմ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Բավքում ընթացող շինծու դատավարություններին, ասել է, որ Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը:

«Պատահական չէր, որ առաջին նիստերից, Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը, այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը։ Հետայսու էլ, ամբողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար։

Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների»,–ասել է նա։

Աբրահամյանը հավելել է, որ մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում»,–ասվում է գրառման մեջ։

Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և առանձին վարույթով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունների մեղադրական եզրակացությունների մեջ հիշատակվում են նաև ՀՀ նախկին նախագահները, պաշտոնյաները, անգամ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։

«Դատախազը նշել է, որ այս հանցավոր խումբը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Զորի Բալայանի, Սեյրան Օհանյանի, Մոնթեի և այլ անձանց մասնակցությամբ և ղեկավարությամբ: Այն համակարգված և լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության դեմ՝ գործելով Հայաստանի իշխանությունների և զինված ուժերի աջակցությամբ՝ կենտրոնացված կառավարման և խիստ հսկողության պայմաններում»,–ասվում է մեղադրական եզրակացության մեջ։