2024 թվականին Հայաստան է այցելել է 2, 208, 179 զբոսաշրջիկ։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը` ամփոփելով պաշտոնավարման 100 օրը։
«2024 թվականի ընթացքում ՀՀ է այցելել 2,208,179 զբոսաշրջիկ, ինչը 2023-ի համեմատ նվազել է 4.6 տոկոսով, 2023–ին ՀՀ է այցելել է` 2,316,000 մարդ։ Եթե համեմատենք տնտեսապես ամենաակտիվ և ամենահաջողված 2019 թվականի հետ, ապա այդ տարի ընդամենը 1.8 մլն զբոսաշրջիկ ենք ունեցել»,– նշել է Գևորգյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով, վերջին հինգ տարիների ընթացքում զբոսաշրջային ոլորտում գրանցվել է 16 տոկոս աճ, ինչը համարվում է դրական միտում։ Կոմիտեն նպատակ ունի առաջիկա հինգ տարում տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկի հոսքի հասնել։
Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային շուկաներ շարունակում են մնալ Արաբական Միացյալ Էմիրությունները և Պարսից ծոցի երկրները։
Ավիափոխադրումների մասին խոսելիս՝ նա նշել է, որ ներկայումս քննարկման փուլում են տասնյակ նոր ուղիղ չվերթեր դեպի Եվրոպայի, Ասիայի և արաբական երկրների ուղղություններով։
Հարցին, թե միջինում որքան գումար է ծախսում Հայաստանում մեկ զբոսաշրջիկը, Գևորգյանը պատասխանել է, որ համագործակցում են միջազգային վճարային համակարգի հետ, որը հնարավորություն կտա 2025 թվականին ներկայացնել հստակ տվյալներ օտարերկրացիների ծախսերի մասին։ Կոմիտեի նախնական հաշվարկներով՝ ինքնուրույն Հայաստան ժամանող զբոսաշրջիկները միջինը ծախսում են 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով եկողները՝ մոտ 2 000 դոլար:
Գևորգյանն անդրադարձել է նաև այն երկրներին, որտեղից Հայաստան ամենաշատն են այցելել զբոսաշրջիկները։
«Ռուսաստանից Հայաստան է եկել 937,823 զբոսաշրջիկ, որն ընդհանուր թվի մեջ կազմում է 43 տոկոս։ Հաջորդը Վրաստանն է, այստեղից Հայաստան է այցելել 279,368 զբոսաշրջիկ (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 13 տոկոս), Իրանից` 178,785–ը (սա ընդհանուր թվի մեջ կազմում է 8.4 տոկոս)։ Աճ ունենք նաև Չինաստանից եկած զբոսաշրջիկների պարագայում»,– ասել է կոմիտեի նախագահը։
Ավելի վաղ կոմիտեն հրապարակել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց Հայաստան ժամանողների թվով առաջատարը Ռուսաստանն է, որին հաջորդում են Վրաստանը և Իրանը, իսկ ԱՄՆ-ն ու Հնդկաստանը եզրափակում են առաջին հնգյակը։