7 փետրվարի 2025 - 16:34 AMT
Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Բելգիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության թեման՝ անդրադառնալով նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացմանն ու երկրի իրականացրած ժողովրդավարական բարեփոխումներին։

Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից առաջադրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկրների համար։

Զրուցակիցները նաև քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային կարևորության այլ խնդիրներ։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։