7 փետրվարի 2025 - 16:42 AMT
Կոստանյան․ Նագեթսի չեկով փորձում են տրանսպորտի համար վճարել

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուղևորները հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել։

«Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։ Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով է»,–գրել է նա։

Մինչդեռ Երևանի բնակիչները շարունակում են դժգոհել հասարակական տրանսպորտի վիճակից՝ նշելով, որ սպասումը երկար է, պայմանները՝ վատ, իսկ ուղեվարձը՝ բարձր։

«Լղճված, աննորմալ, անմարդկային պայմաններով երթևեկել, տրանսպորտին սպասել 20-25 րոպե ու վճարել 150 դրամ... չգիտեմ՝ ինչով են արդարացնում թանկացումը։ Տրանսպորտի հարցն այդպես էլ մնաց չլուծված»,- ասել է քաղաքացին, ով դեմ է հասարակական տրանսպորտի թանկացմանը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ հասարակ բնակչի ձայնը չի լսվում քաղաքապետարանում, «ասեք՝ կանենք»-ը չի գործում ընտրություններից ի վեր։

«Մենք հարկեր ենք վճարում։ Իրենք օգտվում են ծառայողական ավտոբուսներից, իրենց մեքենաներից, երբ օգտվեն հանրային տրանսպորտից, նոր կլուծվի խնդիրը»,- ասել է քաղաքացին։

«Ստիպված վճարում եմ 150 դրամ, այլ ճար կա՞ այս կառավարության դեմ։ Երբեմն միանում եմ բոյկոտեին, երբեմն ամաչում եմ իմ տարիքից»,- նշել է մեկ այլ քաղաքացի։

Քաղաքացիները դժգոհում են նաև, որ տրանսպորտն անկանոն է աշխատում, երբեմն նույնիսկ հնարավոր չի լինում բարձրանալ, քանի որ լիքն է լինում։

«Օր է լինում հանգիստ է լինում, օր է լինում՝ լիքը, օր է լինում շուտ է գալիս, օր էլ լինում՝ սառում ենք կանգառներում»,- նշել է քաղաքացին։

Ավտոբուսներից մեկի վարորդն ասել է. «Շատ զայրացած եմ։ Քաղաքացիները շատ արհամարհական բարձրանում են, արհամարհում են վարորդներին, շնորհակալություն էլ չեն հայտնում չվճարելու դպքում»։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: