«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Հակոբ Ավագյանն ԱԺ-ում հրավիրված քննարկումների ժամանակ, անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությանը, ասել է, որ օրենքի փոփոխությունը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել, շրջանառության հարկի տրամաբանության խախտումն է։
Նա նշել է, որ ՓՄՁ-ների գործունեությունը բարդացել է։
Հակոբ Ավագյանի խոսքով այդ փոփոխությամբ շրջանառության հարկ վճարողները այսուհետ պետք է ապրանքային մնացորդի հաշվառում իրականացնեն, պահեստի հաշվառում անեն, հակառակ դեպքում տուգանվում են՝ չհաշվառված ապրանքի արժեքի 20% տուգանքով, հայտնում է Panorama.am-ը։
Ավագյանը նշել է, որ 2024 թվականի հունիսին էլ ԱԺ-ն ընդունեց փոփոխություն, որով շրջանառության նկատմամբ հարկման դրույքաչափը կրկնակի բարձրացվեց, որը մոտ 55 հազարից ավելի տնտեսավարողի է վերաբերում։
«Օրինակ մարզերում աշխատող միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող առևտուր իրականացնողը, ասենք Սոթք համայնքում, փոքր խանութում առևտուր իրականացնողն այլևս իրավունք չունի միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում աշպատել»,-ասել է ասոցիացիայի ղեկավարը։
Ավագյանը նշել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքով նախագիծը պետք է հանրային քննարկում անցներ, ինչը չի արվել։
«2012 թվականից հետո առաջին անգամ վերջին երեք էկոնոմիկայի նախարարները գրեցին, որ այդ նախագծին դեմ չեն, և առաջարկել են ընդհանրապես դիտարկել շրջանառության հարկի վերացման տարբերակը»,-ասել է Ավագյանը։
ՀԿ-ի նախագահը հայտարարել է, որ առաջարկում են հետաձգել կարգավորումների կիրառումը մինչև հիմնավոր քննարկումներ անցկացնելը և ճշտումներ անելը։
2025–ի հունվարի 1–ի շրջանառության հարկը փոքր ու միջին բիզնեսի համար 5 տոկոսից բարձրացել է մինչև մոտ 10 տոկոս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «շրջանառության հարկի համակարգում արվող փոփոխությունը խոշոր բիզնեսների ստվերը կրճատելու համար է»։