7 փետրվարի 2025 - 17:26 AMT
2024-ին ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշները շարունակել են աճել

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024–ին 8 տոկոսով գերազանցել է 2023–ի տվյալը: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած ամփոփագրում:

Ըստ փաստաթղթի՝ 2024-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը մեկ ամսում աճել է 22.7, իսկ 2023-ի նույն ամսվա համեմատ՝ 4.7 տոկոսով:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024-ին մեկամյա կտրվածքով աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 998 մլրդ 370.2 մլն դրամ: Դեկտեմբերին արտադրանքի ծավալը նոյեմբերի համեմատ աճել է 17.7 տոկոսով, սակայն 14.8 տոկոսով ցածր է եղել, քան 2023-ի նույն ամսին: Դեկտեմբերին արտադրվել է 325 մլրդ 220.9 մլն դրամի արդյունաբերական ապրանք, հայտնում է Արմենպրեսը։

2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 1.6 տոկոսով գերազանցել է 2023-ի ցուցանիշը՝ գնահատվելով 958 մլրդ 804.3 մլն դրամ:

Շինարարության ծավալը նախորդ տարի 14.5 տոկոսով ավելին է եղել, քան 2023 թվականին՝ կազմելով 709 մլրդ 465.3 մլն դրամ: Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, գրանցվել է 72.2, իսկ 2023-ի նույն ամսվա համեմատ՝ 12.9 տոկոսի աճ: 2024-ին իրականացված շինարարության ծավալը գնահատվել է 142 մլրդ 442.8 մլն դրամ:

2024-ին առևտրի շրջանառությունը նախանցյալ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով՝ կազմելով 6 տրլն 378 մլրդ 265.3 մլն դրամ: Դեկտեմբերի ցուցանիշը 774 մլրդ 343 մլն դրամ է: Նոյեմբերի համեմատ շրջանառությունն աճել է 24.3, իսկ 2023-ի դեկտեմբերի համեմատ՝ 10.3 տոկոսով:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 2024 թվականին 10.6 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության ցուցանիշը՝ կազմելով 3 տրլն 467 մլրդ 516.3 մլն դրամ: Դեկտեմբերին մեկ ամսվա կտրվածքով աճը կազմել է 17.1, իսկ 2023-ի նույն ամսվա համեմատ՝ 19.4 տոկոս:

Դեկտեմբերին մատուցվել է 347 մլրդ 424.3 մլն դրամի ծառայություն:2024-ին սպառողական գների ինդեքսը նախանցյալ տարվա համեմատ աճել է 0.3 տոկոսով, նույն տարվա նոյեմբերի համեմատ՝ 1, իսկ 2023-ի դեկտեմբերի համեմատ՝ 1.5 տոկոսով:

2024-ին միջին ամսական անվանական աշխատավարձը նախանցյալ տարվա համեմատ աճել է 6.4 տոկոսով՝ կազմելով 287 հազար 172 դրամ: Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, աշխատավարձներն աճել են 21.5 տոկոսով՝ կազմելով 353 հազար 769 դրամ: 2023-ի դեկտեմբերի համեմատ աճը 6.2 տոկոս է: