Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի նախաձեռնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն» հիմնադիր համագումարը։ Մինչ միջոցառման մեկնարկը Աղազարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արդեն ընտրվել են կուսակցության նախագահն ու վարչության անդամները։
Նա հայտարարել է, որ պայքարելու են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի, հայտնում է Factor.am-ը։
«Նպատակահամար չգտանք այս կամ քաղաքական ուժին միանալը: Մեր նպատակներում կա հետևյալը՝ մենք պայքարելու են, որ հերթական կամ առաջիկայում հավանական արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից չդառնա վարչապետ»:
Աղազարյանի խոսքով՝ ընտրությունների ժամանակ հասարակությանը կներկայացնեն իրենց ծրագրերը:
Լրագրողի հարցին, թե արդյոք իրենց օրակարգում ընդգրկված է նաև իշխանության հրաժարականի պահանջը, Աղազարյանն ասել է, որ փողոցային պայքար չեն նախատեսում։
«Չէ, այդպես մի՛ նայեք, երբ մենք ասենք պահանջում ենք իշխանության հրաժարական, պետք է ուրեմն վաղվանից այդ հարցը բերենք օրակարգ: Մենք ընտրությունների միջոցով ենք ուզում ներկայանալ ժողովրդին, փողոցային պայքար չի լինի»,–ասել է նա։
Ավելի վաղ ՔՊ վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների հիմնավորմամբ։
Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Զեյնալյանը մանդատը վայր դրեց, իսկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։