Մերձավանում զինված միջադեպի գործով մեղադրյալներից վեցն արգելանքի է վերցվել՝ 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել՝ 9 անձի նկատմամբ։ Մերձավանում հնչած կրակոցներից մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):
Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, որի հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը հաստատել է, որ զինված հարձակում է տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: