Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը վերահաստատել է Մոսկվայի հանձնառությունը՝ նպաստելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա ընդգծել է, որ ռուս-հայկական երկկողմ օրակարգում Մոսկվան առաջնահերթություն է տալիս տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։ Կոպիրկինն այդ մասին ասել է ՌԴ դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ իր ելույթում։
«Ռուսաստանը վճռական է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների զարգացման, այդ թվում՝ հավասարակշռված և փոխադարձ ընդունելի խաղաղության պայմանագրի դրույթների մշակման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում», -ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով, ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային տարրը մնում է երկու կողմերի համոզմունքն առ այն, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների արմատական շահերին: Կոպիրկինը նշել է, որ այդ տրամադրվածությունը հաստատել են հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները:
«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչ են մնում մշակութային, հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում, միջանձնային շփումները, որոնց պահպանման գործում մեծ դեր են խաղում հայրենակիցների կազմակերպությունները», - հայտարարել է Կոպիրկինը:
Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։