Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզիննընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նշանակալի դերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ ընդգծելով երկարաժամկետ լուծման անհրաժեշտությունը։
Նա ասել է, որ Մոսկվան դեմ է, որ ՀՀ–ն ու Ադրբեջանն ինչ–որ «վաղահաս» փաստաթղթեր կնքեն, ինչպես պնդում է Արևմուտքը, հայտնում է «Իզվեստիան»։
«Մենք կողմ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը՝ երկրներ, որոնց հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, մշակեն այնպիսի խաղաղ պայմանագիր, որը ոչ միայն ճանապարհ կբացի և կապահովի հարաբերությունների կայուն կարգավորում, այլև «ական» չի դնի ապագա սերունդների համար։
Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք աջակցել առաջընթացին և դեմ ենք ցանկացած «վաղահաս» փաստաթղթերի ստորագրմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որը փորձում է հնարավորինս արագ դրդել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղ պայմանագիր կնքելու արևմտյան որևէ հարթակում։
Նման հապճեպ, չմտածված և անհետևողական որոշումները կարող են ոչ թե բերել երկարաժամկետ խաղաղության, այլ, ընդհակառակը, սերմանել ապագա հակամարտությունների սաղմերը, ինչը, բնականաբար, մենք համարում ենք ծայրաստիճան անցանկալի՝ ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար»,–ասել է Գալուզինը։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական կապերի վերականգնման հարցերով զբաղվող եռակողմ խմբի աշխատանքը և կոչ է արել վերադառնալ այս գործընթացին։
«Ցավոք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի ղեկավարած եռակողմ խումբը, որը զբաղվում է տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման հարցերով, ներկայումս դադարեցված է։ Մենք, անշուշտ, կոչ ենք անում կողմերին, հատկապես մեր հայ գործընկերներին, վերադառնալ այս խմբի աշխատանքներին։ Ռուսաստանը միշտ պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, եթե նրանք դա ցանկանան»,–ասել է դիվանագետը։
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ։
Այս համատեքստում Մոսկվայի ներկայացուցիչը նշել է․ «Առաջին հերթին մենք համարում ենք, որ Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում բացարձակապես կործանարար է, քանի որ այն միտված չէ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ նպատակ ունի այս ուղղությամբ ևս "ներդրում կատարել"՝ մեզ ռազմավարական պարտության հասցնելու հարցում։ Երբեմն նույնիսկ խոսք է գնում որոշ երկրներին համոզելու՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու՝ այս անգամ Հարավային Կովկասում»։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանը ինքնիշխան իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականությունը։
«Պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հասարակությունն ու ժողովուրդն ինքնիշխան որոշումներ են կայացնում այն մասին, թե ինչպես պետք է կառուցեն իրենց արտաքին քաղաքականությունը և դիրքավորեն երկիրը միջազգային ասպարեզում։ Դա նրանց իրավասության շրջանակում է, և մենք, ինչպես ձեզ լավ հայտնի է, երբեք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին և երբեք չենք պարտադրում որևէ մոտեցում կամ մեր տեսլականը, այլ ձգտում ենք երկխոսության միջոցով փոխադարձ ընդունելի ձևաչափեր և փոխզիջումային լուծումներ մշակել»,–ասել է նա։
Այնուամենայնիվ, Գալուզինն ընդգծել է, որ Հայաստանի և ԵՄ-ի մերձեցումը չի կարող տեղի ունենալ ԵԱՏՄ-ի անդամակցության համատեքստում։
«Ինչ վերաբերում է Հայաստանի մերձեցմանը Եվրամիության հետ, ապա մենք և՛ հրապարակայնորեն, և՛ մեր հայ բարեկամների հետ երկխոսության ընթացքում հստակ ընդգծել ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրոպական միությանը միաժամանակ անդամակցելը անհնար է, քանի որ դրանք երկու անհամատեղելի կարգավորող համակարգեր են, որոնք ունեն տարբեր մոտեցումներ մաքսային ստանդարտների, տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական չափանիշների, ապրանքների պիտակավորման ու սերտիֆիկացման, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերում։ Դրանք բացարձակապես տարբեր համակարգեր են, և դրանց միաժամանակյա անդամակցությունն անհնար է»,–ասել է նա։
«Ինչ վերաբերում է Ձեր նշած հարցին՝ Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր տեսակի ծրագրերի շուրջ բանակցությունների մեկնարկին, այդ թվում՝ առանց վիզայի ռեժիմի, ապա այո, այդպիսի բանակցություններ սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը այստեղ էլ հավատարիմ է իր գործելաոճին, քանի որ առանց որևէ կոնկրետ խոստում տալու կամ վիզային հարցերում լուրջ որոշումներ ընդունելու, արդեն պահանջում է Հայաստանից քաղաքական հավատարմություն և միացում հակառուսական պատժամիջոցներին։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նրան տալիս է շոշափելի ու կայուն երկարաժամկետ օգուտներ՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրի աճի և ներդրումների ավելացման տեսանկյունից»,–ասել է դիվանագետը։