Փետրվարի 6-ի դրությամբ Հայաստանում ջրծաղիկի դեմ պատվաստման գործընթացն շրջանակումարդեն ամբողջ հանրապետությունում իրականացվել է մոտ 400 պատվաստում։ Այդ մասին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նա նշել է, որ պատվաստման գործընթացը մեկնարկել է 2025–ի հունվարի 31-ից, բոլոր պատվաստում իրականացնող բուժհաստատությունները լիովին ապահովված են պատվաստանյութերով և սահմանված կարգով իրականացնում են պատվաստումների պլանավորում, հայտնում է Արմենպրեսը։
«ՀՀ-ում ջրծաղիկ հիվանդությունը հանրային առողջապահական հիմնախնդիր է, այս համատեքստում դեռևս 2022թ նախաձեռնվել է ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման գործընթաց։ Հիմք ընդունելով ջրծաղիկի դեմ պատվաստումների կիրառման միջազգային փորձը, պատվաստումների արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև ծախսարդյունավետության տվյալները՝ ՀՀ ԱՆ-ի կողմից առաջարկվել է ՀՀ կառավարությանը ջրծաղիկի դեմ պատվաստումները ներառել պատվաստումների ազգային օրացույցում»,–ասել է նա։
Նա նշել է, որ դեռևս 2023թ նախաձեռնվել է ջրծաղիկի դեմ պատվաստանյութերի գնման գործընթաց և հայտարարվել է մի քանի մրցույթ, որոնց արդյունքում հաղթող ընկերություններ չէին ճանաչվել։
«Վերջին մրցույթի հաղթող ճանաչված ընկերությունն իրականացրել է մատակարարումը 2024թ չորրորդ եռամսյակի ընթացքում, սակայն ներմուծման նպատակով փաստաթղթային փորձաքննության ներկայացված տվյալներում արձանագրվել են շեղումներ մատակարարման տեխնիկական պայմաններից, որի կապակցությամբ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կայացվել է եզրակացություն, որ մատակարարված պատվաստանյութի խմբաքանակը չի համապատասխանում որակի անհրաժեշտ պահանջներին և որոշում է կայացվել է չընդունել այն։
Սակայն, հաշվի առնելով սեղմ ժամկետներում ջրծաղիկի դեմ պատվաստանյութի մատակարարման և պատվաստումային գործընթացի մեկնարկի հրամայականը, զուգահեռ նախաձեռնվել է այլ խմբաքանակի գնման գործընթաց, որի արդյունքում կարճ ժամանակահատվածում պատվաստանյութի մատակարարումից հետո այն բաշխվել է, և մեկնարկել է պատվաստումային գործընթացը»,–ասել է նա։
Աթոյանը նշել է, որ պատվաստանյութի ձեռք բերմանը զուգահեռ իրականացվել են նաև փուլային դասընթացներ՝ իմունականխարգելման գործընթացում ընդգրկված և չընդգրկված բուժաշխատողների շրջանում, իրականացվել ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերի վերանայում, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ։
Ջրծաղիկի պատվաստանյութը ներդրվելու է փուլային կարգով։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ սկզբնական փուլում պատվաստումները նախատեսված են 1 տարեկան երեխաների և նախազորակոչային տարիքի անձանց համար։ 2027 թվականից գործընթացը կիրականացվի ըստ ազգային պատվաստումների օրացույցի՝ 1 տարեկանների (առաջին դեղաչափ) և 4-6 տարեկանների (երկրորդ դեղաչափ) համար՝ ինչպես կիրառվում է կարմրուկի և կարմրախտի դեպքում։