ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է, որ մոլախաղերը դառնում են թե՛ անհատական, թե՛ հասարակական աղետի աղբյուր։
Նա նշել է, որ շահումով խաղերի ոլորտը շարունակում է բարգավաճել, ապահովելով հսկայական եկամուտներ, սակայն, տնտեսագետների գնահատմամբ, դա ոչ թե տնտեսական աճ է, այլ հանրության բարոյական ու սոցիալական դեգրադացիայի նշան։
«Այսօր շատերը չեն գիտակցում, թե որքան կործանարար ազդեցություն ունեն օնլայն կազինոներն ու մոլախաղերը մեր հասարակության վրա։ Մի քանի փաստ․
Հայաստանում մոլախաղերի բիզնեսը տարեցտարի աճում է, մինչդեռ դրանց զոհ դարձած ընտանիքների թիվը գնալով ավելանում է։ Վերջերս պարզվել է, որ ինքնասպանությունների մեծ մասը գործազուրկ տղամարդիկ են, որոնցից շատերը խրվել են պարտքերի մեջ հենց մոլախաղերի պատճառով։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրը միայն մեզ չի վերաբերում։ Մեծ Բրիտանիայում տարեկան մինչև 500 ինքնասպանություն է գրանցվում մոլախաղերի պատճառով։ Ավստրալիայում մեկ տարում 200-ից ավել ընտանիք է քայքայվում խաղամոլության հետևանքով, իսկ ԱՄՆ-ում որոշ նահանգներում մոլախաղային հակում ունեցող մարդկանց 20%-ը ինքնասպանության փորձ է կատարում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլախաղերի կախվածություն ունեցող անձինք 15 անգամ ավելի հաճախ են կատարում ինքնասպանություն»,–ասվում է գրառման մեջ։
Պատգամավորը հավելել է, որ այս խնդիրը լուրջ ուշադրության կարիք ունի։
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2024–ին խաղատներում կատարված խաղադրույքների ընդհանուր ծավալը կազմել է 106 տրիլիոն 407 միլիարդ 491 միլիոն 420 հազար դրամ, իսկ շահումների չափը՝ 97 տրիլիոն 522 միլիարդ 783 միլիոն 890 հազար դրամ։