10 փետրվարի 2025 - 17:32 AMT
Թրամփը հորդորել է Գազան դիտարկել որպես «անշարժ գույքի մեծ օբյեկտ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գազայի հատվածից պաղեստինցիների վերաբնակեցման իր մտադրությունը՝ համեմատելով դա մեծ անշարժ գույքի ձեռքբերման հետ։

«Դիտարկեք դա որպես անշարժ գույքի մեծ օբյեկտ, որին տիրապետելու է Միացյալ Նահանգներին, և մենք դանդաղ, շատ դանդաղ՝ առանց շտապելու, այն կզարգացնենք», — ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է CNN-ը։

Նա կրկին ասել է, որ Մերձավոր Արևելքի այլ երկրներ կարող են ընդունել տեղահանված պաղեստինցիներին։

«Մեծ սխալ կլինի թույլ տալ, որ մարդիկ՝ պաղեստինցիները կամ այլոք, ովքեր ապրում են Գազայի հատվածում, վերադառնան այնտեղ, և մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա»,–ասել է նա։

Նախկինում տարածաշրջանի առաջնորդներն արդեն մերժել են Թրամփի պլանը պաղեստինյան անկլավի բնակչության վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Գազայի հատվածի բնակիչների հնարավոր վերաբնակեցումը կդառնա այս շաբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հանդիպման հիմնական թեման, նշում է հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ, Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը ենթադրել է, որ Թրամփի պլանը, հնարավոր է, առաջին քայլն է այս խնդրի վերաբերյալ այլ տարածաշրջանային խաղացողների հետ բանակցությունների ուղղությամբ։

«Եթե ձեզ նրա պլանը դուր չի գալիս, նստեք բանակցությունների սեղանի շուրջ և առաջարկեք ձեր սեփականը», — հայտարարել է Ուոլցը NBC հեռուստաալիքի եթերում։

The Jerusalem Post-ը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ջանքեր է գործադրում, որպեսզի ստանա Թրամփի առաջարկի աջակցությունն ամերիկյան կոնգրեսականների կողմից։ Նեթանյահուն փորձել է ստանալ նրանց աջակցությունը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումների ժամանակ։ Իսրայելի վարչապետի խորհրդականները, իրենց հերթին, ակտիվորեն համագործակցում են ամերիկյան ԶԼՄ-ների հետ՝ դրդելով նրանց քարոզել Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման գաղափարը, հայտնել են թերթի աղբյուրները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ պաղեստինցիներին Գազայից այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Նա այս պլանը համարել է «անմարդկային»։

Photo. AP