10 փետրվարի 2025 - 18:15 AMT
էլ.դեղատոմսի դուրսգրումն ուզում են ավելի պարզեցնել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը:

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:

Հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարները։

Աշխատանքներ կտարվեն դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը բժիշկների կողմից պատշաճ իրականացնելու համար:

Այս թեմայով նախարարն աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ դեղատների տնօրեններն ու սեփականատերերը հայտարարել էին, որ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար տեսչական մարմինն անհամաչափ է տուգանում դեղատներին։ Բժիշկները նշել են, որ գրագրության վրա շատ ժամանակ են ծախսում: