10 փետրվարի 2025 - 18:41 AMT
Փարիզում մեկնարկել է արհեստական բանականությանը նվիրված գագաթնաժողովը․ Մասնակցում է նաև Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, նա կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:

Համաշխարհային առաջնորդներն ու տեխնոլոգիական հայտնի ընկերությունների ղեկավարները հավաքվել են Ֆրանսիայում՝ քննարկելու արհեստական բանականության կառավարման առանձնահատկությունները, հայտնում է 1lurer.am –ը։

Գագաթնաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում է լինելու նաև հարցը, թե ինչպես կարելի է արհեստական բանականության առավելությունները հասանելի դարձնել զարգացող երկրներին՝ ավելի մատչելի ու հասանելի մոդելների միջոցով: Գագաթնաժողովը համանախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Գագաթնաժողովին ընդառաջ, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա տարիներին երկրում արհեստական բանականության ոլորտում կներդրվի 109 միլիարդ եվրո։ Նրա խոսքով՝ այդ գումարը կտրամադրեն Արաբական Միացյալ Էմիրությունները, ամերիկյան և կանադական խոշոր ներդրումային հիմնադրամները և ֆրանսիական ընկերությունները։

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Photo. AFP