10 փետրվարի 2025 - 18:52 AMT
Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ

Հայաստան-Ռումինա միջպետական ծրագրի շրջանակում 2025-2026 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին հատկացվել է 8 կրթաթոշակային տեղ՝ բալակավրի կամ մագիստրոսի աստիճան ձեռք բերլու համար, ինչպես նաև լրացուցիչ տասնյակ տեղեր՝ մասնագիտական կրթության զարգացման կարճաժամկետ դասընթացներին մասնակցության համար:

Մասնակիցներն ընտրվում են բաց մրցույթով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ռումինիայի դեսպան Քորնել Իոնեսկուի հետ հանդիպմանը, շնորհակալություն հայտնելով ռումինական կողմին համաձայնագրի կնքման շնորհիվ վերահայտարարված կրթաթոշակների հնարավորության համար, նշել է, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրը Հայաստանում կրթության որակի շարունակական բարելավումն է:

Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի շրջանակում ուսուցման կազմակերպմանը:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ միտված Հայաստանում որակյալ կրթության հասանելիության ապահովմանը, այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում, որի շրջանակում խրախուսվում են նաև արտերկրում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունները՝ միջազգային լավագույն փորձի ձեռքբերման և Հայաստանի հանրային ու տնտեսական կյանքում ներդրման հեռանկարով։

Իոնեսկուն կարևորել 1, մասնավորապես, կրթության ոլորտում Հայաստանի և Ռումինիայի միջև շարունակական ծրագրերի իրականացումը, ինչը, ըստ դեսպանի, ավելի է խորացնում երկու երկրների միջև համագործակցային կապը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև 2025 թ․ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: