11 փետրվարի 2025 - 13:23 AMT
Հայաստանի ԿԸՀ ցուցանիշը 47 միավոր է՝ տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արդյունքները, որի համաձայն Հայաստանի ԿԸՀ արժեքը 2024-ին 47 միավոր է, ինչը գնահատվում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (ամբողջովին մաքուր) սանդղակով։

180 երկիր ընդգրկող վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 63-64-րդ տեղը՝ կիսելով այն Խորվաթիայի հետ։ Նախորդ տարի՝ 2023-ին, Հայաստանը 62-րդ տեղում էր, հայտնում է Factoir.am-ը։

Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների 2024 ԿԸՀ արժեքները։

Թուրքիան (34) կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը (23)` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (22)՝ 154-157-րդ տեղերը։ ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը (40) զբաղեցնում է 88-91-րդ տեղերը, Բելառուսը (33)՝ 114-120-րդ տեղերը, Ղրղզստանը (25)՝ 146-148-րդ տեղերը և Ռուսաստանը (22)՝ 154-157-րդ տեղերը:

Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների հետ համեմատվելիս Հայաստանը նույնիսկ միջին հորիզոնականներում չէ, ինչը նշանակում է, որ Հայաստանը դեռևս շատ անելիքներ ունի՝ գրանցելու համար իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։

ԿԸՀ համաթիվը երկրներին դասակարգում է ըստ նրանց` հանրային ոլորտների կոռումպացվածության մասին ընկալման։ Համաթվի միավորները արտահայտում են փորձագետների և բիզնես ոլորտի տեսակետները և ո՛չ լայն հանրության կարծիքը։ ԿԸՀ տվյալները հաշվարկվում են 13 տարբեր արտաքին աղբյուրների համադրմամբ։Բոլոր աղբյուրների կողմից յուրաքանչյուր երկրին տրված միավորների միջինացված արդյունքը հանդիսանում է համաթվում ընդգրկված երկրների ԿԸՀ արժեքը։