11 փետրվարի 2025 - 17:26 AMT
Եվրահանձնաժողովը նշել է Հայաստանի հետ համագործակցության խորացումը

Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման գործընթացը շարունակել է ակտիվանալ, սակայն հանրապետությունը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել անդամակցության համար։ Այդ մասին հաղորդել են Եվրահանձնաժողովից, հայտնում է «Իզվեստիան»։

«Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և նրա արժեքների գրավչությունը։ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում տրամադրված €10 միլիոն աջակցությունը դա հաստատում են», – նշված է հայտարարության մեջ։

Բրյուսելում նաև հայտնել են, որ մտադիր են քննարկել հայկական կողմի հետ եվրոպական ինտեգրմանը վերաբերող օրինագիծը։ Թեև Հայաստանի անդամակցության հարցն այս պահին օրակարգում չկա, երկիրը արդեն քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ ավելի խորը գործընկերության ուղղությամբ։

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 11-ին մեկնարկել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց, այդ թվում՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։