Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոն դիմել է Վրաստանի ղեկավարությանը՝ կոչ անելով «ստեղծել պայմաններ ազգային մակարդակով ազատ և արդար նոր ընտրությունների անցկացման համար»։
Հայտարարության մեջ ընդգծվում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև հնչում է կոչ քաղաքական և սոցիալական բևեռացման վերացմանն ուղղված անհապաղ միջոցների ձեռնարկման համար։
«Պետք է ապահովվի իրավապահ մարմինների, դատական համակարգի և բոլոր պետական հաստատությունների անկախությունը։ Տեղական և ազգային մակարդակներում պետական ծառայողները քաղաքական դրդապատճառներով ազատվել են աշխատանքից։ Այս պրակտիկան պետք է դադարեցվի։ Բացի այդ, յուրաքանչյուրին պետք է տրվի իր ժողովրդավարական իրավունքների, խոսքի և հավաքների ազատության իրացման հնարավորություն։ Հակակառավարական բողոքի ակցիաներին ոչ բռնի մասնակցության համար ձերբակալված անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Նրանց թվում են տեղական քաղաքական գործիչներ, լրագրողներ, ինչպիսիք են Մզիա Ամագլոբելին, որոնց հետ կապված Կոնգրեսը հատուկ մտահոգություն է հայտնում», — ասվում է հայտարարության մեջ, գրում է «Էխո Կավկազա»–ն։
Կոնգրեսի նամակում նաև ընդգծվում է իշխանությունների վերաբերմունքի փոփոխման կարևորությունը ընդդիմության նկատմամբ և բաց և կառուցողական երկխոսությանն իրենց նվիրվածության հաստատումը նրանց հետ։
Հայտարարության հեղինակների կարծիքով, սա «պետք է ճանապարհ հարթի եվրոպական չափանիշների վրա հիմնված նոր համազգային ընտրությունների համար»։
«Վրացական իշխանությունները պետք է համագործակցեն Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Կոնգրեսի կողմից ընտրական օրենսգրքում վերջին փոփոխությունների վերաբերյալ խնդրված եզրակացության հարցում։ Հաջորդ տեղական ընտրությունները պետք է կայանան այս տարվա հոկտեմբերին։ Դրանց անցկացումը ներկայիս պայմաններում ստեղծում է իրավիճակի սրման ռիսկ։ Հետևաբար, առանց քաղաքական իրավիճակում էական փոփոխությունների, այս ընտրությունները պետք է հետաձգվեն», — նշվում է հայտարարության մեջ։
Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում, որը նախատեսված է 2025 թվականի մարտի 25–27-ը, կկայանան Վրաստանին նվիրված քննարկումներ։