Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին՝ նրա հայտարարությունները որակելով որպես «իրականության խեղաթյուրում և միջազգային հանրության մոլորեցման փորձ»։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե «իրական քայլերի փոխարեն Հայաստանը ներկայացնում է անբովանդակ առաջարկներ»։
«Արմենպրեսի հրապարակած հոդվածում Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, ինչպես նաև «արևմտյան Ադրբեջանի» համայնքի նպատակների մասին անհիմն հայտարարություններն ու այլ խեղաթյուրված ձևակերպումները միտված են միջազգային հանրության ապակողմնորոշմանը»,–ասվում է, գրում է 1news.az –ը։
Այնուհետև Հաջիզադեն հերթական մեղադրանքներն է հնչեցրել ՀՀ հասցեին՝ «Հայաստանի սահմանադրության և օրենսդրական ակտերում առկա տարածքային պահանջների, ռևանշիստական տրամադրությունների, ռազմական ներուժի ավելացման» վերաբերյալ, որոնք, ըստ նրա, «սպառնալիք են ներկայացնում Ադրբեջանի անվտանգության համար»։
Նա նաև նշել է, որ ՀՀ ռազմական բյուջեն մոտ երեք անգամ աճել է՝ 2021 թվականին 600 միլիոն դոլարից հասնելով 2024-ին՝ 1.6 միլիարդի։
«Ըստ վերջերս ստորագրված ռազմական պայմանագրերի, Հայաստանը ձեռք է բերում հիմնականում հարձակողական սպառազինություն, որը կարող է հեռահար հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին»,–ասվում է հայտարարության մեջ։
Հաջիզադեն հայտարարել է նաև, թե Հայաստանի հայտարարությունները արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեության և նպատակների մասին բացարձակ անհիմն են, քանի որ համայնքի հիմնական նպատակները հիմնված են վերադարձի իրավունքների վրա։
«Հայաստանի վարչապետի հղումները 2022 թ. Պրահայի հանդիպմանը, 1991 թ. Ալմաթիի հռչակագրին և խաղաղության պայմանագրի նախագծի դրույթներին, որոնք նպատակ ունեն ամրագրել Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ որևէ պահանջ չունենալու փաստը անցյալում, ներկայում և ապագայում, ինքը Փաշինյանը չեղարկեց ընդամենը մի քանի ամիս անց՝ 2023-ի սեպտեմբերին, երբ շնորհավորական ուղերձ հղեց Ադրբեջանի տարածքներում գտնվող անջատողական ռեժիմի անկախության առթիվ», — ասվում է Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
Ըստ Հաջիզադեի, ՀՀ–ն պետք է ողջուներ Բավքում ընթացող դատավարությունը, ոչ թե բեմականացված անվաներ
«Բացի այդ, փոխանակ կատարելու իր պարտավորությունները, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցման ուղիների բացմանն ուղղված կոնկրետ քայլեր, Հայաստանը փորձում է շեղել ուշադրությունը այս գործընթացից։ Իրական քայլերի փոխարեն՝ նա ներկայացնում է անբովանդակ առաջարկներ, ինչը հանգեցնում է թյուրըմբռնումների և իրականության խեղաթյուրումների»,–ասվում է հայտարարության մեջ։
Ինչ վերաբերում է զինաթափման վերահսկման մեխանիզմներին, որոնց վարչապետն այդքան մեծ ջանասիրությամբ պաշտպանում է, ապա, ըստ Հաջիզադեի, Հայաստանն է խախատել դրանք վերջին տասնամյակներում, ինչը «թույլ է տալիս եզրակացնել այդ երկրի դիրքորոշման անազնվությունը»։
Փաշինյանն իր հոդվածում հայտարարել է, որ, եթե «Բաքվում ընթացող թատերականացված դատավարությանը, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերումը համադրենք պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ, հասկանալի կդառնա, որ ՀՀ անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»: Միևնույն ժամանակ, Փաշինյանը նշել է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա և ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: