Modex խորհրդատվական ընկերությունը, ուսումնասիրելով 2021-2024 թվականների արտահանման դինամիկան, հայտնել է, որ Հայաստանից արտահանված բարձր տեխնոլոգիական ապրանքների ծավալը 2024-ին կազմել է 979 միլիոն դոլար, ինչը 0.8%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը և 19 անգամ ավելի է, քան 2021-ին։
Ընկերության գնահատմամբ՝ տեխնոլոգիական արտադրանքի արտահանման զգալի աճը մեկնարկել է 2022-ից, ինչին մեծապես նպաստել է Ուկրաինայում ծավալված պատերազմը։
«2021 թվականի համեմատ արտահանման կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է վերաարտահանմամբ, հատկապես պատկառելի աճ է արձանագրվել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության սարքավորումների դեպքում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
2024 թվականին Հայաստանից արտահանված բարձր տեխնոլոգիական ապրանքների 78.7%-ը կամ մոտ 771 մլն ԱՄՆ դոլարը բաժին է հասել էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի տարբեր ապրանքների արտահանմանը, ինչը մոտ 16%-ով ավելի է, քան նախորդ տարի և մոտ 116 անգամ ավելի, քան 2021-ին։
Նշվում է նաև, որ 2024 թվականին բարձր տեխնոլոգիական ապրանքներին բաժին է հասել Հայաստանի ապրանքային արտահանման 7.5%-ը՝ նախորդ տարվա 11.4%-ի փոխարեն։