22 մայիսի 2009 - 23:23 AMT
Տեղի է ունեցել «Երեւան ջուր» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքի շնորհանդեսը
Մայիսի 22-ին «Երեւան ջուր» ՓԲԸ-ում տեղի ունեցավ Ընկերության www.veoliadjur.am Ինտերնետային Կայքի ներկայացումը զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը, կայքը կորպորատիվ բնույթի է: Այն մաս է կազմում Veolia Water International խմբի ընդհանուր տեղեկատվական բազայի, ինչն այցելուին թույլ է տալիս ծանոթանալ ինչպես «Երեւան ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը, այնպես էլ խմբի մյուս կազմակերպությունների: Կայքի «Կայուն զարգացում», «Մարդկային ռեսուրսներ», «Տեղեկատվություն», «Հաճախորդներ», «Ծառայություններ», «Նորություններ» բաժինները պարունակում են համապատասխան տեղեկություններ կապված ջրամատակարարման ժամանակացույցի, վթարների, հայտարարված աշխատանքների, գնումների, ծառայությունների մրցույթների, թափուր աշխատատեղերի հետ եւ այլն: Իսկ «Հաճախորդներ» բաժնի «Ձեր հաշիվը» տողից բաժանորդները կարող են ծանոթանալ իրենց կողմից սպառած ջրաքանակին եւ վճարումներին: Անհրաժեշտության դեպքում նրանք «1-85» հեռախոսային կենտրոնին դիմելուց բացի, ներկայումս հնարավորություն ունեն խնդիրը ներկայացնել գրավոր` «Հետադարձ կապի» միջոցով կամ այցելել Ընկերության համապատասխան տարածքային Շահագործման/Առեւտրային տեղամասեր, որոնց հասցեները ներկայացված են «Սպասարկող տեղամասեր» տողում:

Կայքը նպատակ ունի նպաստել «Երեւան ջուր»-Բաժանորդներ կապի ամրապնդմանը, օժանդակել առաջացող խնդիրների շուտափույթ լուծմանը, բարձրացնել հասարակության իրազեկվածությանը` ջրի կարեւորության, նրա մատակարարման բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների, իրականացվող ներդրումային ծրագրերի եւ այլն առումով: Փոխարենը ջրամատակարար կազմակերպությունն իր հաճախորդներից ակնկալում է գործող ջրամատակարարման կանոնների խստիվ պահպանում եւ ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարում:

«Երեւան ջուր» ՓԲԸ-ին է պատկանում մայրաքաղաքի ջրային համակարգի կառավարման իրավունքը` Երեւանում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների տրամադրման նպատակով:

«Երեւան ջուր» ՓԲԸ Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնադրվել է Veolia Water ընկերության կողմիցը: