11 փետրվարի 2025 - 17:40 AMT
Փոխնախարար․ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծն ինքնին անդամակցության հայտ չէ

Հայաստանի կառավարությունը հանդես է եկել առաջարկով՝ կողմ քվեարկել «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Այդ մասին Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հայտ։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը նպատակ ունի ամրապնդել Եվրոպական միության հետ հարաբերությունները, նոր մակարդակի հասցնել Հայաստանի մոտեցումները և արտահայտել քաղաքացիների ձգտումները, հայտնում է Արմենպրեսը։

«Օրինագիծը նաև համահունչ ՀՀ կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տնտեսական և անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը։ Այս քաղաքականությունը վարելու համատեքստում պետք է դիտարկել նաև վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության և անդամ երկրների փոխգործակցության աննախադեպ դինամիկան, որն արտահայտվել է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Փոխնախարարը անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված կարևոր ձեռքբերումներին։

«2024 թվականի սեպտեմբերին մեկնարկել է Եվրամիության հետ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը։ Վերջինի շրջանակում այժմ կողմերի միջև տեխնիկական բնույթի բանակցություններ են ընթանում։ Ներկայում բանակցվում է «Հայաստան-Եվրամիություն գործընկերություն․ նոր օրակարգ» խորագրով փաստաթուղթը, որը համագործակցության նոր ուղղություններով կհամալրի և առավել կխորացնի Հայաստանի և Եվրոպական միության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ըստ էության, վերոհիշյալ երկու փաստաթղթերը կհանդիսանան Հայաստան-Եվրամիություն գործընկերության իրավաքաղաքական հիմքը»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրառմանը և այդ ուղղությամբ սերտորեն աշխատում է Եվրոպական միության հետ։

«Հայաստանը ներառվել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակում, ինչը ԵՄ-ի կողմից կայացրած կարևոր քաղաքական որոշում էր։ 2022 թվականից Հայաստանում տեղակայված է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է։ Վերջերս Եվրամիության խորհրդի կողմից որոշում կայացվեց երկու տարով երկարաձգել դիտորդական առաքելության գործունեությունը։ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը, իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը։ «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրում առաջիկա չորս տարիների համար, և Հայաստանը Եվրամիության թեկնածու երկիր չհանդիսացող միակ երկիրն է, որը աջակցություն է ստանում այս ծրագրի շրջանակում։ Եվրամիությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացմանն աջակցելու գործում։ Եվրամիության աջակցությամբ իրականացվող բարեփոխումներն ուղղված են մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշել է Հովհաննիսյանը։

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 11-ին մեկնարկել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց, այդ թվում՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։