11 փետրվարի 2025 - 17:51 AMT
Տրանսպորտի 100 դրամ սակագինը պահպանելու ընդդիմության առաջարկը չի ընդունվել

Երևանի ավագանին մերժել է ընդդիմության առաջարկը, որով նախատեսվում էր պահպանել մեկանգամյա 100 դրամ արժողությամբ տրանսպորտային ուղեվարձը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն առաջարկել էր, որ ներկայում գործող տրանսպորտային փաթեթների հետ մեկտեղ քաղաքացիներին տրամադրվի նաև «մեկանգամյա օգտագործման» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմսի հնարավորություն՝ 100 դրամ արժողությամբ։

Ընդդիմադիր ավագանու անդամի կարծիքով՝ սա կօգնի մեղմել սոցիալական անհավասարությունը, թույլ չտալ, որ ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վիճակը ևս ավելի վատանա, ինչպես նաև կբարձրացնի հանրային տրանսպորտի գրավչությունը, հայտնում է «Հետքը»։

Թորոսյանը առաջարկել է, որ ավելի բարձր եկամուտ ունեցող քաղաքացիներից գանձվող տուրքերի հաշվին կուտակվող լրացուցիչ միջոցներն ուղղվեն տրանսպորտային համակարգի սպասարկման վրա։

Քվեարկությունից առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ գլխադասային ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է բացասական եզրակացություն։

Իր ելույթում Արամ Թորոսյանը նշել է, որ իշխանությունն առնվազն վեց անգամ փոխել է տրանսպորտային համակարգի վերաբերյալ ավագանու որոշումները, ընդ որում՝ բացառապես հանրային ճնշման ազդեցությամբ։

Ըստ Թորոսյանի՝ կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել անհրաժեշտ ֆինանսական հոսքերը, և ուղեվարձի բարձրացման դեպքում զգալի թվով քաղաքացիներ պարզապես չեն վճարի։

«Ես կարծում եմ, որ էն մարդիկ, ովքեր 100 դրամի փոխարեն 150 են վճարելու, իրենք էդ 50 դրամը նաև վճարելու են նրա համար, որ զոհվածների ընտանիքի անդամները տեղաշարժվեն Երևան քաղաքով անվճար, նրանք վճարելու են նրա համար, որ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտից օգտվեն անվճար, և բոլոր էն խմբերի համար, որոնք ներառված են անվճար խմբերում»,- արձագանքել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ի պատասխան՝ Արամ Թորոսյանը նշել է, որ զեղչային տարբեր համակարգեր միշտ էլ գործել են, սակայն իրենց առաջարկը հենց 100 դրամանոց սակագնի պահպանումն է։

Քվեարկությունից առաջ Տիգրան Ավինյանն արտահերթ ելույթ է ունեցել, որտեղ մեղադրել է ընդդիմությանը քաղաքացիներին հոգեբանական տեռորի ենթարկելու և ներկայացնելու մեջ, թե տրանսպորտի սակագինը դարձել է 300 դրամ։ Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր, իր խոսքով, հասկանում են, թե ինչ նպատակով են իրականացվում փոփոխությունները։

Արդյունքում տրանսպորտի սակագինը 100 դրամ պահելու վերաբերյալ առաջարկը մերժվել է՝ 27 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Փետրվարի 1-ից Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն: